Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
18.10.2011 | 00:00

(սկիզբը թիվ 57, 58, 63-ում)

Այն, ինչ վերաբերում է մեր այսօրվա իրողության նկարագրմանը, ապա այստեղ գրեթե ամեն ինչ պարզ է, և մեծ մասն արդեն արված է։ Ստեղծագործող մարդիկ և մտավորականությունն այն կնկարագրեն գրեթե նույն կերպ, ինչպես բոլորը, սակայն շատ ավելի գունեղ երանգներով, երբեմն (և դա կարող է լինել լիովին բացատրելի) արտահայտման էքսպրեսիոնիստական ոճով, իսկ երբեմն էլ պարզապես բազմիմաստ ու կտրուկ վրձնահարվածներով։ Տնտեսագետներն ու գործարարները նույն իրողությունը կփորձեն նկարագրել թվերով, աղյուսակներով ու գծապատկերներով։ Քաղաքական և կուսակցական գործիչները, աստիճանակարգման և դիրքավորման տրամաբանությունից դրդված, կբանավիճեն քաջ հայտնի եղանակով` որքան է բաժակը լիքը կամ որքան է դատարկ։ Այստեղ առանձնակի գոհունակությամբ կուզեի նշել, որ հիմա երկրի քաղաքական ղեկավարությունն ավելի ու ավելի շատ է արժևորում ու քննարկում զարգացման և բարեփոխումների անցկացման տեմպերի խնդիրը։ Այսպես կոչված, բյուջետայիններն ու կենսաթոշակառուները, ձգտելով նկարագրել նույնը, կելնեն աշխատավարձի (կենսաթոշակի) և ինֆլյացիայի աճի տեմպերից, սոցիալական պաշտպանվածությունից, զբաղվածության և բուժապահովման մակարդակից։ Գյուղի բնակիչները կելնեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի գներից, արտադրանքի իրացումից, մատչելի վարկերից ու գյուղմեքենաների համակազմից։
Սակայն նրանք բոլորը մեկ բանում, համոզված եմ, «կմիախառնվեն»։ Նրանք բոլորը, այսպես թե այնպես, սուր կերպով կառաջադրեն մեկ խնդիր` մեր պետության զարգացմանն ու կայացմանը զուգընթաց որքան կմեծանա իրենց (այգեգործի ու արտադրության աշխատողի, կենսաթոշակառուի ու բանկիրի, քաղգործչի ու մտավորականի) պահանջարկվածության աստիճանը պետության կողմից և հակառակը, պետության առանձին հաստատություններ (նախարարություններ, գերատեսչություններ, դատարաններ և այլն) որքան պահանջարկված կլինեն նրանց կողմից։ Այս հանդիպակաց պահանջարկվածությունների գրաֆիկները կթելադրեն մեր ապագա բարեփոխումների երանգն ու էությունը և, որոշ իմաստով, կդառնան բարեփոխումների լիարժեք ու բարեհաջող ընթացքի արդյունավետ ցուցիչը։ Այնպես որ, աշխատանքի այս ուղղություններում առանձնակի բարդություններ և տարաձայնություններ չեն երևում։ Խելամիտ բացատրություններ չունեցող դիրքորոշումներ ու վարքագծեր այստեղ չեն քննարկվում։
Իրավիճակը փոքր-ինչ այլ է մեր ապագայի (որ ոմանց համար մեզնից հեռու է երկարուձիգ 20 տարով, ոմանց համար էլ ընդամենը մի 20 տարի բան է մնացել) կամ մեր «Նոր նկարագրի» ապագայի ներկայացման առումով։ Աշխատանքի այս ճակատին, այստեղ տեղ գտնող միտումներին, մշակումների մեթոդիկային և զարգացման նախանշվող վեկտորներին շատ շատերը մեծ ուշադրությամբ են վերաբերվում։ Եվ դա միանգամայն բնական է։ Չէ՞ որ մեր ապագա «Նոր նկարագրի» պատկերի կերտման աշխատանքը պետք է մտահոգի և հուզի ոչ միայն նրանց, ովքեր իրենց գիտելիքների, ունակությունների, տաղանդի, կոչման ու պաշտոնի բերումով ընդհուպ լծված են այդ ծանր և, միաժամանակ, պատվավոր պարտականության կատարմանը։ Այն պարտականության, որը մարմնավորում է մեր վերաբերմունքը մեր ծնողների ու մեր ժողովրդի նկատմամբ։
Այստեղ իրավիճակը նման է գեղանկարչությանը (կամ կերպարվեստին)։ Երբ նկարիչը կտավը հանում է նկարակալի վրայից, այն արդեն դառնում է դիտողի սեփականությունը, ում այն կամ հուզում և հիացնում է, կամ այնքան էլ դուր չի գալիս (այստեղ խոսքն իրենց ժամանակից հարյուրամյակներ առաջ անցած հանճարների մասին չէ)։
Այսպես, ուրեմն, «Նոր նկարագրի» այն պատկերից, որ մենք փորձում ենք ներկայացնել, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր համար շատ ու շատ հարցերի պատասխաններ հետևցնի։
Այս հարցերի ընդգրկումն այնքան լայն է, որ, օրինակ, հնարավոր է վկայակոչել դրանց սոսկ մի քանի խումբ. անձնական կրթական և մասնագիտական կայացման հարցեր, ընտանիքի պլանավորման հարցեր, երեխաների ու նրանց ապագային առնչվող հարցեր, սեփականության և բիզնեսի հարցեր, անվտանգ և հոգեբանորեն հարմարավետ բնակության հարցեր և այլն։
Մենք պետք է ոչ միայն ներկայացնենք մեր «Նոր նկարագրի» այնպիսի պատկեր, որը մեր հասարակության ամենալայն խավերի համար ինքնըստինքյան բավականին հավաստի և վստահելի կլիներ, այլև լավ կշռադատենք և պլանավորենք նրա մասսայականացման (նախ և առաջ մեր երիտասարդության շրջանում) հարցերը։ Այդ երկու խնդիրներն էլ հեշտերից չեն, բայց դրանք որոշակի ցանկության ու մոտեցման դեպքում միանգամայն իրագործելի են։ Երկու խնդիրներում էլ հսկայական դեր է հատկացված անհատականություններին։ Գիտնականները, գրողները, կոմպոզիտորները, նկարիչները պետական բարձրաստիճան գործիչների, գործարարների, մենեջերների, տնտեսագետների հետ մեկտեղ պետք է մասնակցեն ոչ միայն մեր «Նոր նկարագրի» պատկերի ստեղծման, այլև նրա մասսայականացման գործին։
Կասկածից վեր է, որ այս երկու ուղղություններում էլ մենք արդեն որոշ աշխատանքներ, իրական գործընթացներ, հաստատված դոկտրիններ, հայեցակարգեր ու հաջողված կոնկրետ արդյունքներ ունենք։ Բայց տվյալ պարագայում դրանք առայժմ հատվածավոր բնույթ են կրում և վատ են շաղկապված մեկ միասնական նկարագրում, կառուցվածքում կամ համակարգում։ Մինչև որոշ ժամանակ այս իրադրությունը շատ թե քիչ ընդունելի էր 20-ամյա անկախություն ունեցող և մեկնարկային այնքան ծանր պայմաններ ապրած պետության համար։ Բայց մի երկու տարի հետո նույն դրությունը բացարձակապես անընդունելի կդառնա և՛ պետության, և՛ նման պոտենցիալի տեր մեր ժողովրդի համար։ Եթե, իհարկե, մեր առջև չծառանա ևս մեկ ծանրագույն խնդիր, որի հավանականությունը ոչ ոք չի կարող ժխտել։
Մի կողմ թողնելով մեր «Նոր նկարագրի» պատկերի ստեղծման գործին թվարկված անձանց և մեր բոլորի մասնակցության ձևերի քննարկումը, կցանկանայի համառոտակի անդրադառնալ երկրորդ խնդրի` մասսայականացման կարևորությանն ու կենսականությանը։ Մասսայականացում ասելով պետք չէ հասկանալ պարզունակ ու չորուցամաք պրոպագանդան, ինչպիսին սովետի ժամանակ էր։ Մեզ պետք է անկեղծ ու ազնիվ խոսակցություն մեր գալիք սերնդի հետ։ Երկխոսություն, որից մենք ակնկալում ենք ստանալ նրանց ըմբռնումը, հավանությունն ու մասնակցությունը «Նոր նկարագրի» պատկերի կենսագործմանը։ Երկխոսություն, որից նրանք կստանան այդ տարիքի համար այնքան բնական` իրենց պահանջարկվածության, իրենց տեղի, դերի, հեռանկարների հստակ գիտակցման ապացույցները և, վերջապես, իրենց լիարժեք հաղորդակցվածությունն իրենց և մեր ապագայի կերտման գործին։
Հանուն արդարության պետք է նշել նաև, որ այդ ուղղությամբ էլ որոշ հանդիպումներ ու բանավեճեր կազմակերպվել են։ Բայց դրանք իրենց ձևով, էությամբ ու հետապնդած խնդիրների դրվածքով առայժմ կրում են անթույլատրելիորեն ուժեղ (զարգացման առաջիկա բնագծերի վերաբերյալ մեր խնդիրների համար) կուսակցական երանգ։ Երիտասարդության խնդիրների և դեպի իրենց անդաստանը երիտասարդ կադրերի հոսքի հանդեպ նաև մեր կուսակցությունների շահագրգռությունն էլ է միանգամայն բնական ու բացատրելի։ Բայց, ինչպես արդեն նշվել է, սեփական երկրի ու ժողովրդի ապագան կերտվում է ոչ միայն քաղաքական միջոցներով։ ՈՒստի և երիտասարդության հետ տարվող աշխատանքում այդ աստիճանի շեղվածքը կարող է հանգեցնել (եթե չասենք հանգեցրել է) երիտասարդության շրջանում աշխարհընկալման ձևավորման բավականին անառողջ միտումի։ Վտանգավոր է սեփական ազդեցության ուժով այդքան գայթակղել երիտասարդությանը։ Ներկուսակցական երկխոսություններին զուգընթաց, մենք պետք է բարձրացնենք, թույլ տվեք ասել, «համազգային» և «համապետական» երկխոսությունների մակարդակը, որոնք իրենց իմաստով փոխադարձաբար լրացնող են և ոչ թե փոխադարձաբար բացառող։ Ընդունեք որպես քնարական զեղում` մենք վաղուց և լրջորեն կարիք ունենք գոնե մեկ այդպիսի երկխոսության կազմակերպման, որը հեռարձակվեր հեռուստատեսությամբ թեկուզ շաբաթը մեկ անգամ։
Ծեծված խոսք է, իհարկե, բայց հենց երիտասարդությունն է մեր երազանքների ու մեր ապագա արդիական հասարակության հիմքը, հասարակություն, որը կարելի կլինի անվանել քաղաքացիական, իսկ նրա գործընկերոջը` պետությունը` սոցիալական։
Մեր գալիք քսանամյակի առաջին երեք-չորս տարիներին ամենամեծ լարվածությանը (արժեքային ճշգրտման, արդիականացման, բարեկեցության, մեր երիտասարդ պետության զարգացման այս կամ այն տեմպի գործում իր տեղի ու դերի վերաիմաստավորման) «կարժանանա» հասարակական հարաբերությունների բնագավառը։ «Հասարակական հարաբերությունների» և «պետական շինարարության» բնագավառները «երկվորյակներ» են, որոնք չեն կարող երկար գոյություն ունենալ և լիարժեք զարգանալ` առանց գրեթե միաձույլ փոխըմբռնման և փոխգործակցության։ Պատմությունը հարուստ է օրինակներով, որոնք կոչված են ծառայելու որպես լավ դիդակտիկ նյութ գալիք սերունդների համար, որոնք բավական պերճախոս վկայում են այդ թեզի հավաստիության մասին։ Առավել ևս այսօ՛ր չի կարող լինել իրոք զորեղ պետություն` առանց համապատասխան հասարակական կազմակերպության։ Եվ հակառակը` չի կարող լինել ժամանակակից, սոցիալապես կողմնորոշված, ինձ թույլ տամ ասելու` բեղմնավոր և զարգացման բնագծերի հաղթահարման ուղղությամբ լիցքավորված հասարակության և հասարակական տարբերություններ` առանց զորեղ պետության և առողջ ու արդիական հասարակական հարաբերությունների ձևավորման խնդիրների նկատմամբ նրա համապատասխան ուշադրության։ Անկախ այն անվիճելի փաստից, որ մեր «պետական շինարարությունն» իր զարգացման գործում այսօրվա դրությամբ միգուցե խիստ գերազանցում է «հասարակական շինարարության» բնագավառը, մենք բոլորս, առանց բացառության, պետք է հանգենք այն գիտակցությանը, որ զարգացման նախանշված բնագծերի նվաճման և մեր «Նոր նկարագրի» կենսագործման հարցում և՛ «պետությունը», և՛ «հասարակությունը» իրավահավասար գործընկերներ են։ Գործընկերներ, որոնք հաճախ ստիպված են իրենց դերը խաղալու շատ ու շատ կարևոր «զսպման և հակակշռի» մեխանիզմում, իսկ մեծ հաշվով, միևնույն նպատակը հետապնդող կամ զուգահեռաբար մեկ նպատակի միտված։ Պարզեմ միտքս. միանգամայն կոնկրետ և տարբեր իրավիճակներում նրանցից մեկը մյուսի հանդեպ պետք է խաղա կամ «զսպող գործոնի» կամ «լիցքավորողի ու մղողի» (շոգեքարշի) դեր։ Գործընկերներ, որոնց կհաջողվի մեզ համար առհավետ ապահովել անվտանգ ու ստեղծարար կյանք։ Գործընկերներ, որոնց կհաջողվի առաջանցիկ տեմպերով մեզ վերադարձնել «Լա Սկալայում», «Մետրոպոլիտեն օպերայում», «Օլիմպիայում» ելույթ ունենալու, մեծ (հիմնարար) գիտությամբ զբաղվելու, ծաղկուն այգիներ հիմնելու, զարգացած արդյունաբերություն ունենալու երանավետ հաճույքը։ Եվ, վերջապես, գործընկերներ, որոնք ընդունակ կլինեն մեզ օժտելու զբոսաշրջության արդիական ու զարգացած նկարագիր ունեցող պետությամբ։
Հիմա մի քանի խոսք այն մասին, թե «զսպման և հակակշռի» մեխանիզմի կենսագործումն ինչու է նաև այդ առումով այդքան կարևոր մեզ համար։ Կարևորության պատճառները շատ են, բայց այստեղ բերեմ ընդամենը երկուսը։
Նախ, մենք արագ ենք առաջ գնում, իսկ հաջորդ քսանամյակում պիտի առնվազն երկու-երեք անգամ ավելի արագ ընթանանք։ Իսկ դա նշանակում է, որ որևէ վրիպում, թերություն կամ սխալ թույլ տալու հնարավորությունը նույնպես կավելանա։ ՈՒստի և, համոզված եմ, մեր զարգացման երկու ամենագործուն օբյեկտները` պետությունն ու հասարակությունը, պետք է սերտորեն գործակցեն և միմյանց թիկունք կանգնեն։
Երկրորդ, ամենևին չնսեմացնելով մեր հնարավորությունները, տեղը, դերը և արժանապատվությունը, մենք փոքր երկիր ենք` տարբեր բնագավառների բազում դժվարություններով, որին այնքան մոտեցել են ծանրակշիռ աշխարհաքաղաքական գործընթացները։ Անշուշտ, մենք անհամեմատ ավելի՛ զգայուն ենք անգամ մեր փոքրիկ վրիպումների ու սխալների նկատմամբ, քան խոշոր երկրները, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ, ռեսուրսներ ու ժամանակ` իրենց որևէ մեղանչում կամ սխալ շտկելու համար։ ՈՒստի և, շնորհիվ վերը նշված գործակցության ու մաքրման, մենք պետք է առավելագույնս նվազեցնենք վրիպումների ու սխալների հավանականությունը, որպեսզի մեր զարգացումը տանենք առավել անցավ ճանապարհով` բոլորիս համար առանց բացառության։ Զարգացման այդ տեմպի պայմաններում, որ մեզ առաջադրել են «համաքաղաքակրթական գործընթացը» կամ «պատմության ընթացքը», քիչ թե շատ անցավ կարելի է սեփական ուղին անցնել միայն այն դեպքում, եթե ձևավորված լինի երկու գործուն մեխանիզմ։ Առաջին, «ներքևից» «վերև» եկող («ներքև» չի նշանակում հիերարխիական աստիճան կամ ենթակայություն) նորանոր գաղափարներով իշխանության «սնուցման» մեխանիզմ և, երկրորդ, գաղափարների, նախաձեռնությունների, մարդկանց ուղղահայաց ու բնական շրջապտույտ («վերևից» «ներքև» ուղղված)։ Դա, իհարկե, պետք է անել որոշակի չափաբաժիններով։ Իսկ բուն չափաբաժինը կորոշվի «պետության» ու «հասարակության» միջև առողջ և հիրավի գործընկերային դիմակայության մակարդակով։
Ակնբախորեն պատկերացնելու համար բերեմ «դիտանիվի» կամ, ինչպես այլ կերպ ասում են, «սատանի անիվի» օրինակը (զուր չէ, որ 21-րդ դարի հենց սկզբին Լոնդոնում այդպիսի հսկայական մի «դիտանիվ» տեղադրեցին)։ Մեր առջև ծառացած խնդիրներին (ասենք, «անվի» օրինակով` շինարարության մեջ ներդրված գումարը ժամանակին վերադարձնելու) խստիվ համապատասխան, մեզ անհրաժեշտ է ապահովել ինչպես այդ «անվով» պտտվելու համապատասխան հնարավորություններ և ցանկություն ունեցող մարդկանց և գաղափարների պատշաճ հոսք, այնպես էլ պտտվող անիվ (ուժային մեխանիզմով գործող), որը բարձրացնի ու իջեցնի մարդկանց` իրենց գաղափարներով ու հնարավորություններով։ Իսկ ինչ վերաբերում է չափորոշմանը, ապա, երևի, Լոնդոնում էլ ցանկացողների որոշակի շրջանակի մոտ չեն թողնում իրենց «անվին»։
Մենք մեզ վտանգազերծենք մարդկանց խիստ պարզունակ (սև-սպիտակ) ընկալման և անթույլատրելի տարազատման (պետական կառույցներում եղածների և ժողովրդի մեջ եղածների) «գայթակղությունից», եթե որպես խիստ բնորոշ օրինակ հիշենք, գոնե, մեր երկու հայրենակիցներին` միլիցիայի գեներալ տաղանդավոր երգահանին և գրողների միության նախագահ անվանի գրողին։ Մի կողմից` պետության ներկայացուցիչ, մյուս կողմից` հասարակության հույզերի ու երազանքների արտահայտիչ։ Անվտանգության նման գոտու առկայության պայմաններում կարելի է արդեն ձևակերպել ընկալման համար փոքր-ինչ միասնացված հետևյալ բանաձևը. հասարակությունը պետք է պետությանն անընդմեջ նոր գաղափարներով սնի, իսկ պետությունը պետք է անընդմեջ վերցնի և կատարման մակարդակի բարձրացնի այդ գաղափարները։ Այդ առումով միայն ինձ չէ, որ ուրախացնում են հասարակության և իշխանության մեջ տեղի ունեցող այն գործընթացները, որոնք օրեցօր ավելի ու ավելի տեսանելի են դառնում։ Վերջին ժամանակներս կարելի է վստահորեն արձանագրել, որ թե՛ գաղափարների հոսքը, բարձրացվող հարցերն են դառնում ավելի թանձր, թե՛ գաղափարների ընտրությունն ու դրանց կատարման մակարդակի հասցնելն են դառնում ավելի հաճախակի։ Իսկ դա արդեն պետության և հասարակության առողջ և գործընկերային փոխգործակցության հասուն և գործուն նախադրյալ է։
(շարունակելի)
Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ